ԼՅՈՒԻՍ ՔԵՐՈԼ

ՍՆԱՐՔԻ  ՈՐՍԸ

( Հերոսապատում՝ ութ դրվագով )


Նախաբան

Ախ, որքան կուզեի՝ տնից դուրս գալ մի պահ,

Հայտնվել աշխարհում, որ հեռու է և մոտ է:

Ուր չկա դուրս ու ներս, ու չկա վեր ու վար,

Անսովոր է ամեն ինչ, նաև շատ ծանոթ է:

Վլադիմիր Վիսոցկու՝ «Ալիսը հրաշքների աշխարհում» ռադիոբեմականացման համար գրած երգերից մեկի տեքստի այս քառյակը, կարծում եմ, լավագույնս է բնորոշում Լյուիս Քերոլի՝ (Չարլս Լադվիջ Դոջսոնի) գրական ժառանգության մոտիվը:

Ասում են՝ Վիկտորիա թագուհին շատ է հավանել «Ալիսը»  և նամակ գրել Քերոլին՝ խնդրելով ուղարկել իր հաջորդ գիրքը: Բնականաբար Քերոլը չի մերժում թագուհուն և ուղարկում է նոր հրատարակված իր գրքի օրինակը: Թե ինչու թագուհին այն չի ընթերցում, պարզ է գրքի վերնագրից՝ «Տրակտատ դետերմինանտի սկզբունքների վերաբերյալ»: Գուցե սա ընդամենը անեկդոտ է, բայց հստակ բնորոշում է անձի երկատվածությունը, այն ակամա ընդվզումը ճշգրիտ գիտությունների, աքսիոմների ու թեորեմների դեմ, որ հատուկ է շատ ու շատ մաթեմատիկոսների ու ֆիզիկոսների: Իսկ Քերոլը մաթեմատիկայի պրոֆեսոր էր Օքսֆորդի համալսարաններից մեկում: Ու չնայած, գրական ասպարեզում նա, այսպես կոչված, անհեթեթության ժանրի կնքահայրն էր, մաթեմատիկայի ոլորտում առավել հայտնի էր իր պահպանողական մոտեցումներով:

Տարիներ առաջ, երբ աշխատում էի «Ինտուրիստում» և գործի բերումով գրեթե ամեն օր լինում այն տարիների ամենահեղինակավոր «Արմենիա» ռեստորանում, իմ ուշադրությունը գրավեց մի մարդ, որ ամեն օր, նույն ժամին, ճաշակով ու խնամքով հագնված տեղավորվում էր Բարի նստարանին և թանկարժեք կոնյակ պատվիրում՝ համեմելով այն կուբայական սիգարով: Ո՞վ է, հարցրեցի ծանոթ բարմենին, ակադեմիկո՞ս է, պրոֆեսո՞ր: Աղբի մեքենայի վրա է աշխատում, ասաց բարմենը, ամբողջ օրը աղբի մեջ է, երեկոյան փորձում է կոնյակով ու սիգարով ազատվել աղբի հոտից ու հուշերից:

Համոզված եմ, Քերոլի պարագայում, կոնյակի ու սիգարի դերը կատարում էր գրական աշխարհը՝ Գլխարկագործը և Մարտյան Նապաստակը, Քնամուկն ու, անկասկած, Ալիսը:

Ալիսին նվիրված երկու վիպակներն, անկասկած, ամենահայտնին են, սակայն Քերոլը գրել է նաև բանաստեղծություններ ու պոեմներ, որոնք հրատարակվել և վերահրատարակվել են առանձին գրքույկով: Դրանք բոլորն էլ համեմված են յուրօրինակ քերոլյան հումորով և «անհեթեթության» տարրերով, բայց թե՛ վերոնշյալ հատկանիշներով, թե՛ զուտ գրական առումով,  առանձնանում է «Սնարքի որսը»:

Պոեմի ստեղծման պատմությունն արդեն յուրօրինակ ու անհեթեթ է: Ըստ Քերոլի, աննպատակ, զբոսնում էր փողոցով, երբ հանկարծ ինչ֊որ տող հայտնվեց գլխում՝ «Քանի որ Սնարքը բուջում էր»: Ինչ էր Սնարքը՝ չգիտեր, ինչ էր Բուջումը՝ նույնպես, բայց տողը մտքից դուրս չէր գալիս: Ի վերջո, այն դարձավ պոեմի վերջին տողը: Մի քանի օրից ծնվեց պոեմի վերջին քառյակը, և մոտ կես տարուց՝ մնացած բոլոր 141 քառյակները: Քերոլը դրանք բաժանեց ութ գլուխների, որոնք անվանեց «դրվագներ»:

Պոեմը  նկարագրում է, թե ինչպես յուրօրինակ մի անձնակազմ նավ է նստում և մեկնում չգիտես թե ուր, չգիտես թե ինչ որսալու:

«Անձնակազմն ընտրված էր անչափ խնամքով»,— գրում է Քերոլը, ինչը լավագույն դեպքում հեգնանք է. նավավար կամ Ազդարար, որնավավար էլ չէր, դասական իմաստով, , պարզապես, պատեհ֊անպատեհ զանգն էր զնգզնգացնում, կուղբ, որ միայն ժանյակ էր գործում, թեև, ըստ Ազդարարի, շատ փորձանքներից է իրենց փրկել, հացթուխ, որ միայն տոնական տորթեր պատրաստել գիտեր ու այքան ցրված էր, որ անգամ իր իրերի հետ միասին անունն էր ափին մոռացել, բիլիարդի մրցավար, բանկիր, դերձակ և այլն: Անգամ նրանց ծովային քարտեզն էր արտասովոր՝ ամբողջովին սպիտակ, առանց ծովերի, մայրցամաքների, միջօրեականների։ Ըստ նավավարի, այդ ամենն ահիմաստ են ու սոսկ խառնաշփոթ են ստեղծում: Եվ ահա, երկար նավարկելուց հետո, անձնակազմը հասնում է ինչ֊որ կղզի և սկսում է Սնարքի որսը։ Ի՞նչ է սնարքը, ոչ ոք չգիտի, ինչ֊որ բնորոշ նշաններ են թվարկվում, որոնք պարզաբանելու փոխարեն ավելի են խառնում ամեն ինչ: Առաջին հայացքից՝ իսկական անհեթեթություն, բայց միայն առաջին հայացքից...

Հավատացեք իմ գրական ոչ այնքան մեծ փորձին, որքան էլ տարօրինակ թվա, չկա ավելի դժվար խնդիր, քան լիովին անիմաստ, անհեթեթ բան գրելը: Տարիներ առաջ, հորս՝ հայտնի արձակագիր Արտաշես Քալանթարյանի հետ համատեղ մի փոքրիկ, երգիծական նովել էինք գրում: Անհրաժեշտ էր ժամանակակից մի պոետ֊հերոսի շուրթերին լիովին անիմաստ մի բանաստեղծություն դնել: Ես հանձն առա դա: Մի քանի փորձ արեցի ու ցույց տվեցի հորս: Կարդաց, ծիծաղեց ու ասաց. «Չե, չես կարողանում։ Որպես բանաստեղծություն վատ չէ, բայց ակամա միտք ու իմաստ ես մեջը դնում»: Ինքը գրեց, իսկապես հաջող, դե՝ ում֊ում, հորս հետ մրցակցելն անհնար էր…

Այսինքն, եթե ընդունենք, որ Սնարքի որսը անհեթեթության ժանրում է, ապա հաստատ այդ ժանրի գլուխգործոցն է: Բայց արդյո՞ք այդպես է, թաքնված իմաստ չկա՞…

Եվ այսպես, ի՞նչ է մեզ հայտնի Սնարքի մասին: Գիտենք, որ այն, ընդհանուր առմամբ, շատ պիտանի ու օգտակար մի բան է, որ Սնարք ունենալը աննկարագրելիորեն թեթևացնում է կյանքը, գիտենք նաև, որ Սնարքի որսը մի տեսակ գերնպատակ ու մոլուցք է: Միակ խնդիրն այն է, որ Սնարքը երբեմն Բուջում է լինում, և այդ դեպքում դու պարզապես վայրկենապես չքվում, անհետանում ես աշխարհից:

Ի վերջո, մարդիկ հաճախ ինչ֊որ գերնպատակ ու մոլուցք ունեն կամ գոնե կիրք, անհաղթահարելի ցանկություն: Մեկը ուզում է շատ փող կուտակել, մեկը սիրում է մարզական ավտոմեքենաներ, մեկ ուրիշը՝ համադամ կերակուրներ և այլն... Այսինք՝ ամեն մարդ ունի իր Սնարքը: Եվ Սնարքի նման այդ հոբբիները հիմնականում օգտակար են՝ ի վերջո փողի շնորհիվ կարելի է  լավ ուսում ստանալ, հաջողակ բիզնես ունենալ, վայելուչ ապրել և շատ֊շատ բարի գործեր անել, ավտոմեքենան, անկասկած թեթևացնում է մեր կյանքը, իսկ առանց սննդի մենք պարզապես չենք կարող գոյատևել: Բայց որքան դեպքեր կան, երբ փող կուտակելու մոլուցքը ողբերգության է հասցնում, ավտոմեքենայի անխոհեմ վազքը՝ վարորդի և ուրիշների մահվան  պատճառ դառնում, ուտելիքի չարաշահումը վնասում առողջությանը և այլն: Այսինքն՝ Սնարքը կարող է նաև Բուջում լինել:

Ի վերջո, սրանք սոսկ սուբյեկտիվ մտորումներ են:

Ավելացնեմ, որ Սնարքի բառացի թարգմանությունը կատարելի է եղբայրս՝ Արտակը մոտ 25 տարի առաջ: Դա լուրջ ու բարդ աշխատանք էր, քանի որ Սնարքը լեցուն է ոչ միայն բազմաթիվ հազվադեպ կիրառելի բառերով ու արտահայտություններով, այլև հնարովի կերպարներով և նույնքան հնարովի տերմիններով: Ես փորձեցի գրական տեսք տալ պոեմին: Հիմա 25 տարվա բարձունքից, տեսնում եմ, որ դա կարելի էր շատ ավելի լավ անել: Բայց  ևս մի 25 տարի գործն արխիվում պահելու փոխարեն գերադասեցինք այն հրապարակել, ինչպես որ կա: Գուցե դա խթան դառնա ուրիշներին՝ ավելի պրոֆեսիոնալ թարգմանությունների: Այսպես թե այնպես, սա հնարավորություն է տալիս հայ ընթերցողներին ծանոթանալու Քերոլի այս առեղծվածային գործին և նույնքան առեղծվածային Սնարքին:  

Ալեքսանդր Քալանթարյան

2015


Դրվագ առաջին

ԺԱՄԱՆՈՒՄԸ

 

«Ճիշտ Սնարքի որսավայր», Ազդարարը գոչեց,

Փութաջան, բայց անչափ հարգալից,

Անձնակազմը նավից նա զգույշ ափ իջեցրեց՝

Մեկ առ մեկ՝ ձգելով մազերից:

 

«Ճիշտ Սնարքի որսավայր, հասանք վերջապես,

Հետևում ենք թողել հոգս ու վիշտ:

Ճիշտ Սնարքի որսավայր... հիշեք մշտապես՝

Եռակի ինչ ասվի՝ ճիշտ է միշտ»:

 

Անձնակազմն ընտրված էր անչափ խնամքով,

Կար սպասյակ ու դերձակ փորձառու

Փաստաբան, որ հարթում էր ամեն բանավեճ

Եվ միջնորդ՝ կատարյալ վաշխառու:

 

Բիլիարդի մրցավար՝ մեծ վարպետն իր գործի,

Միշտ ուշիմ, անկաշառ ու արդար,

Մի բանկիր, որ պատրաստ էր առանց հոգոցի

Փողի շարժը հսկել անդադար:

 

Կուղբ, որ մեն մենակ թափառում էր տրտում,

Կամ ժանյակ գործում՝ հենց այնպես:

Նա մեզ շատ է փրկել — Ազդարարն էր պնդում,

Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչպես։

 

Մի հացթուխ՝ հանրահայտ մոռացկոտ ու ցրված,

Որ իսկույն ծիծաղի նյութ դարձավ:

Սատանան գիտե՝ ինչ մտքերով էր տարված,

Երբ իրերը ափին մոռացավ:

 

Նա ուներ քառասուն և երկու մեծ կապոց

Որ շարել էր նավին դեմ֊դիմաց,

Եվ հագուստ, ժամացույց, ականջօղ, հովանոց

Հենց ափին մոռացավ ու գնաց:

 

Յոթ կոստյում էր հագել ու երեք զույգ կոշիկ,

Եվ կորուստն այդ շատ չէր վշտացրել.

Մեկ խնդիր կար միայն, որ տանջում էր սաստիկ՝

Անունն էլ էր ափին մոռացել:

 

Ընկերներն էլ նրան անվանում էին «Հեյ»,

«Անանուն», «Մոռացկոտ» կամ «Հեյ, դու»,

Իսկ ոմանք պարզապես՝ «Նա, անունը ի՞նչ էր».

Ով ինչպես հարմար էր գտնում:

 

Ավելի արտառոց անուններ էլ ուներ

Մոռացկոտ ուղևորը նավի.

Էլ՝ «Կեղծամ պոկոտած», էլ՝ «Մոմի այրած թել»,

Եվ անգամ «Տապակած պանիր»:

 

Ծանրաշարժ էր անչափ և սաստիկ քչախոս,

Ինտելեկտն էլ շատ փոքր էր ու խեղճ:

Սակայն քաջ էր, և դա էր պատճառը անխոս,

Որ նրան վերցրեցին «գործի մեջ»:

 

Բորենու հետ վայրագ նա խաղում էր անվախ,

Արջի հետ ձեռք֊ձեռքի ման գալիս...

«Դե խղճում եմ սրանց, բացատրում էր խաղաղ,

Վախեցած են՝ ես սիրտ եմ տալիս»:

 

Նա հացթուխ էր կարգվել, բայց երբ ուշ էր փոխել,

Երբ որ նավը ծովում էր անտակ,

Նա ասաց, թե երբեք ինքը հաց չի թխել,

Այլ միայն հարսանյաց կարկանդակ...

Ուղևորն էր վերջին մի տհաճ ու բութ այր,

Ամենքին շատ արագ նա վանեց,

Բայց հայտնի էր որպես Սնարքերի մոլագար,

Ազդարարը նրան հավանեց:

 

Մսագործ էր կարգվել, բայց մի օր պարզ ասաց,

Որ կարող է միայն կուղբ մորթել...

Ազդարարն անգամ քարացավ ու մնաց՝

Անկարող իր հուզմունքը խեղդել.

 

«Մեն մի կուղբ կա մեզ հետ, մեր ընկերն անբաժան,—

Նավավարը խոսեց վերջապես,—

Եվ այնքան հեզ, խոնարհ, որ կորուստն այդ դաժան,

Կտանջեր բոլորիս մշտապես»:

 

Իսկ երբ կուղբը լսեց խոսքերն այդ անարգ,

Սրբելով արցունքները աղի,

Հավաստեց, որ եթե նույն պահին գտնի Սնարք,

Նույնիսկ դա իրեն չի խաղաղի:

 

«Առանձին մի նավակ թող նստի ու գնա»,—

Աղաչում էր խեղճ կուղբը թշվառ,

Նավավարը սակայն առարկում էր նրան.

«Դա շատ բարդ կլինի և դժվար:

 

Նույնիսկ մեկ նավակով ու զանգով, հավատա,

Նավարկելը խրթին է և բարդ,

Կրկնակի զանգ֊նավով, իմ մեծ փորձը վկա,

Չի դուրս գա մեծ օվկիան ոչ մի մարդ»:

 

«Զրահազգեստը միայն չար բախտից կփրկի»,—

Անանունը կուղբին խրատեց:

«Ինձ լսիր և իսկույն ապահովագրվիր»,—

Ծեր բանկիրը նրան ընդհատեց:

 

Պայուսակն իր բացեց և երկու նոր պոլիս

Կուղբի ձեռքը դրեց ու ասաց.

«Հրդեհից, կարկուտից, կայծակից տուժելիս

Մեծ գումար կստանաս անկասկած»:

 

Այդ պահից, թե հանկարծ մսագործը բռի

Հայտնվում էր կուղբին դեմ֊դիմաց,

Նա իր դեմքն էր շրջում՝ հայացքով կատաղի,

Մի անկյուն էր մտնում վախեցած:

                    


Դրվագ երկրորդ

ԱԶԴԱՐԱՐԻ   ՃԱՌԸ

 

Առաջին իսկ օրից տարբերվեց բոլորից

Ազդարարն՝ իմաստուն ու արի,

Շարժուձևը միշտ նուրբ, ամոթխած ինչպես սուրբ,

Պահանջկոտ, բայց նաև շատ բարի:

 

Մի քարտեզ ուներ նա, որ էլ չէր ունենա

Աշխարհում մեկ ուրիշ նավավար.

Միայն ծովն էր անտակ, ոչ բևեռ, ոչ ցամաք

Արտառոց քարտեզում այդ չկար:

 

«Մայրցամաք ու բևեռ  դառնալու են մեզ բեռ»,—

Ազդարարը խմբին բացատրեց:

«Ճիշտ, ինչի՞ն է մեր պետք ցամաքներ ու ծովեր»,—

Անձնակազմն իսկույն ձայնակցեց:

 

«Քարտեզները բոլոր, գծերով այդ ոլոր,

Անչափ բարդ են ու շատ ձևական:

Եվ անշուշտ գոհ ենք մենք, որ քարտեզն այս ունենք

Եվ մաքուր, և անչափ պետքական»:

 

Նավավարն ամեն օր, ձեռքին զանգը իր նոր

Օվկիանին էր նայում լռելյայն,

Լուռ նայում էր, անցնում, զանգն իր հնչեցնում,

Նավն այդպես էր վարում նա միայն:

 

Իսկ թե տար հրաման, նույն պահին անպայման

Մի քաոս էր ստեղծվում ահավոր.

Երբ կանչում էր՝ ղեկն աջ, նավը՝ ձախ ու առաջ,

Անձնակազմը մնում էր մոլոր:

 

Իսկ հաճախ նավի կայմն էր ղեկին խառնվում,

Մի բան, որ հնուց դեռ փորձված է,

Հարավի ջրերում է միայն պատահում,

Ուր ծովը հավերժ սնարքված է:

 

«Իմացեք միշտ, թե որն է վտանգն առաջին,—

Նավավարը ասում էր հմուտ,—

Որ քամին դեպ հյուսիս և հարավ երբ փչի,

Նավը մեր չգնա արևմուտք...»։

 

Բայց անցել էր վտանգն ու բոլորն անփորձանք

Ափն էին հասել այդ անծանոթ:

Շուրջը լոկ լերկ սարեր, խոր վիհեր ու քարեր...

Ոչ մի հույս չմնաց նրանց մոտ:

 

Անձնակազմն ընկճված էր, Ազդարարը փորձված,

Իր խմբին սիրտ տալու համար

Սկսեց մեջբերել կատակներ հնացած…

Բայց հառաչ էր լսվում միմիայն:

 

Հետո գրոգ մատուցեց բոլորին՝ տաք, համեղ,

Մի ամբիոն պատրաստեց իր համար,

Խրոխտ դիրք ընդունեց ու լեզվով գունագեղ

Իր ելույթն սկսեց բոցավառ:

 

«Սիրելի ընկերներ, հռոմեացիք, երկրացիք

Ականջ արեք դուք ձեր մեծին,—

Եռակի ողջյուններ, կենացներ հնչեցին,

Բաժակներն էլ կրկին լցվեցին:

 

Ամիսներ շարունակ, շաբաթներ շարունակ,

(Չորս շաբաթ կա ամսվա մեջ, գիտեք)

Մենք կտրել ենք, անցել օվկիանն այս անտակ,

Չենք գտել և Սնարքի ոչ մի հետք:

 

Շաբաթներ շարունակ և օրեր շարունակ,

(Դե յոթ օր է, գիտեք, շաբաթում)

Մղոններ ենք կտրել, սակայն չենք տեսել Սնարք,

Իսկ փնտրել ենք համառ, անդադրում:

 

Սնարքի հինգ բնորոշ հատկանիշ կա հայտնի,

Պարտավոր եք հիշել դրանք միշտ ,

Պահը գա՝ ավելորդ ժամանակ չեք վատնի,

Կգտնեք նրան հեշտ ու հանգիստ

Նախ հիշեք՝ Սնարքի միսն ունի շատ հատուկ համ,

Խրթխրթան, բայց ասես, աղքատիկ,

Այն գոտկի մոտ սեղմող պիջակի է նման,

Բույր ունի թափառող կրակի:

 

Սնարքը ծույլ է, անբան, ու  քնկոտ է անչափ,

Կարծում եմ գիտեն դա բոլորը,

Նա ճաշում է միայն ուշ գիշերը հաճախ,

Ընթրում է արդեն հաջորդ օրը:

 

Հատկանիշը երրորդ իմացեք՝ ոչ մի Սնարք

Հումորի նշույլ իսկ չունի,

Թե փորձեք Սնարքի հետ կատակել, նա արագ

Շատ մռայլ ու լուրջ տեսք կընդունի:

 

Լողախցիկ է պաշտում որպես՝ կուռք,

Հատկանիշն է չորրորդ կարևոր,

Բնության անգին զարդ է անգամ համարում,

Իր հետ քարշ է տալիս ամեն օր:

 

Հավակնոտ են անչափ, չափազանց փառամոլ,

Ստում են հարկի֊անհարկի,

Իսկ լինում են նրանք կամ կծող֊փետրավոր,

Կամ էլ ճանկող մորուքով կրկնակի:

 

Անվտանգ էակներ են Սնարքերն անկասկած,

Բայց ասեմ ձեզ նաև այն մասին,

Որ մեջները Բուջում է լինում...»,— և հանկարծ

Ուշաթափ «Հեյն» ընկավ ավազին:


Դրվագ երրորդ

ՀԱՑԹՈՒԽԻ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Թարմ բուլկի, սառույց, ջեմ, կարկանդակ բերեցին,

Մանանեխ ու սալաթ, արգանակ,

Իսկ վերջում ոչ շատ բարդ հանելուկ տվեցին,

Նոր միայն ուշքը տեղը եկավ:

 

Մտովի վերապրեց անցած կյանքը դաժան,

Պատմությունն իր սկսեց վշատալի:

Լռություն, Ազդարարը գոչեց, ոչ մի ձայն,

Ու զանգը զնգաց սպառնալի;

 

Նույն պահին լռեցին տնքոցները բոլոր,

Չէր լսվում ոչ ծպտուն, ոչ գոռոց.

Եվ «Անունը ինչ էր»֊ը հուզված ահավոր

Պատմությունն սկսեց իր հնաոճ.

«Ծնողներս ազնիվ էին, բայց և աղքատ»:—

Ազդարարը ճչաց.— «Դու դա թող:

Թե մթնի, հույս չկա, որ գտնենք գեթ մի Սնարք,

Մենք վայրկյան իսկ կորցնել չենք կարող»:

 

«Քառասուն ձիգ տարի թողեցի ու անցա,—

Խեղճ հացթուխը ասաց վշտահար,—

Դառնանք այն օրին, երբ ես նավ բարձրացա

Ու սկսվեց մեր այս որսը համառ:

 

Թանկագին իմ քեռին (նույն անունն ենք կրում)

Ինձ իբրև հրաժեշտ պարզ ասաց...»:

Նավավարը ճչաց. «Հեյ, մի կողմ թող քեռուդ»,

Եվ զանգը կրկին զրնգաց:

 

«Բացատրեց ինձ քեռիս,— Անանունն ասաց մեղմ,—

Որ, թե Սնարքը լինի սոսկ մի Սնարք,

Շատ հանգիստ կարելի է նրան տուն բերել

Եվ երկար գործածել տան համար:

 

Մատնոցով հեշտությամբ կարելի է որսալ,

Նիզակով ու հույսով հարվածել,

Եվ արժեթղթերով կարելի է սպառնալ,

Ժպիտով, օճառով հալածել»:

 

«Այ հենց դա է ճիշտ ձևը, միակ ձևն է ճիշտ,—

Ընդհատեց Ազդարարը արագ,—

Այ հենց դա է ճիշտ ձևը, հայտնի է և ինձ,

Թե ուզում ես շատ հեշտ որսալ Սնարք»:

 

«Բայց շողվյալ  իմ զարմիկ,— մորեղբայրս ասաց ինձ,—

Թե պարզվի, որ Սնարքը Բուջում է,

Դու արագ ու հանդարտ կչքվես աշխարհից

Ինչպես որ մեզ փորձը հուշում է:

 

Եվ հենց սա է, հենց սա է օրեր շարունակ

Հալածել և հանել ինձ հունից,

Այս խոսքերն են քեռուս, որ այսքան ժամանակ

Ինձ զրկել են իմ քաղցր քնից:

 

Այ հենց սա է, հենց սա է...»։ «Լսել ենք արդեն»,—

Ընդհատեց Ազդարարը կրկին:

Բայց հացթուխն առարկեց. «Թող, որ մեկ էլ կրկնեմ,

Այ հենց սա է տանջում իմ հոգին:

 

Ես վաղուց երազում միայն Սնարք եմ տեսնում,

Տառապում, զառանցում անդադար,

Սնարքը տուն եմ տանում, ձեռնասուն է դառնում,

Հաճույքով աշխատում տան համար:

 

Իսկ եթե բուջումի հանդիպեմ, այդ պահից

(Ինչպես որ պնդում է քեռիս)

Ես արագ ու հանդարտ կչքվեմ աշխարհից

Ու այս միտքը տանջում է հոգիս»:


Դրվագ չորրորդ

ՈՐՍԸ

 

Ազդարարը խռկոպ[1] մռայլվեց ակամա.

«Հուսով եմ, որ դա սոսկ կատակ է:

Եվ ինչո՞ւ ես պատմում այդ ամենը հիմա,

Երբ Սնարքն ուղղակի քթի տակ է:

 

Թե կորչես դու անհետ, մենք անչափ կտխրենք,

Հավատա, խնդրում եմ, ընկեր:

Բայց ինչո՞ւ չասացիր այդ մասին մեզ երեկ,

Կամ՝ ճամփա երբ դեռ չէինք ընկել:

 

Իսկապես, իսկ ի՞նչն էր քեզ խանգարել սկզբից

Այդ մասին բոլորին էլ պատմել»:

Բայց «Անունը ինչ էր»֊ն առարկեց տխրալից.

«Առաջին օրն եմ ես ձեզ հայտնել:

 

Ես կարող եմ լինել, նույնիսկ, նենգ մարդասպան,

Անթերի մարդ չկա, հո գիտեք,

Բայց կարող եք լինել համոզված ու վստահ,

Չեմ կեղծում, չեմ ստում ես երբեք:

 

Նախ՝ գուցե ֆրանսերեն եմ ասել ես դա ձեզ,

Եվ հետո՝ չինարեն, հունարեն,

Մի մանրուք էի սոսկ մոռացել ես, կարծես,

Որ գիտեք դուք միայն անգլերեն»:

 

Մռայլվեց Ազդարարը. «Շատ մթին պատմություն,

Մեր գործը դժվար է, դա փաստ է.

Բայց հիմա, երբ ստեղծվել է նման դրություն,

Հետագա քննարկումն անիմաստ է:

 

Ձեզ հանգիստ է անշուշտ հարկավոր և հիմա

Կավարտենք մեր հավաքն առաջին:

Լավ հիշեք՝ գլխավորը այս որսն է, միայն,

Վերջ տանք լաց ու կոծին, հառաչին:

 

Մատնոցով հեշտությամբ կարելի է որսալ,

Նիզակով ու հույսով հարվածել,

Եվ արժեթղթերով կարելի է սպառնալ,

Ժպիտով, օճառով հալածել»:

 

Պարզ, հայտնի ձևերով չենք բռնի Սնարք երբեք,

Այն անչափ արտառոց է ու բարդ,

Անհրաժեշտ է, որ մենք ուղեղներս շարժենք

Ու լարենք ինքնատիպ մի թակարդ:

 

Անգլիան մեզ է նայում, այս խոսքերը հիշեք,

Անհողդողդ եղեք միշտ ու արի,

Ճամպրուկից պետքական ողջ իրերը հանեք

Պատրաստվեք անզիջում պայքարի»:

 

Ծեր բանկիրը իսկույն ինչ֊որ չեկ ստորագրեց

Եվ գումար դուրս գրեց մի խոշոր:

Հացթուխը հանդարտ թուխ մազերը սանրեց

Ու պիջակը մաքրեց իր փոշոտ :

 

Սպասավորն ու միջնորդը մեծ քար վերցրեցին

Եվ արագ սրեցին մի դանակ:

Դե իսկ կուղբն էլ անցավ հիմնական իր գործին

Եվ հյուսեց նրբագեղ մի ժանյակ:

 

Փաստաբանն այդ առթիվ իր բողոքը հայտնեց.

Ու ասաց նա ի լուր ամենքի,

Թե հյուսելն այդ պահին կարելի է դիտել

Որպես անարգում օրենքի:

 

Նորանոր ձևաններ էր դերձակը գծում

Եվ հանդարտ ինչ֊որ բան գրոտում,

Բիլիարդի հաշվետարը ձեռքով դողացող

Քթի ծայրն էր հուզված կավճոտում:

 

Տոնական զգեստներ Մսագործը հագավ,

Կաշվե նուրբ ձեռնոցներ, թարմ օձիք:

Եվ պնդեց, որ նախ պետք է ճաշել, սակայն դա

Ազդարարն համարեց պարապ միտք»:

 

«Ով գիտե, կտեսնենք երբևէ էլ իրար»,—

Մսագործը հարցրեց վախեցած:

«Եղանակը ների՝ կտեսնենք անպատճառ»,

Նավավարը ասաց համոզված:

 

Երբ տեսավ Մսագործը թույլ է, վախկոտ,

Կուղբն ուրախ ծիծաղով հպկոտեց[2]...

Եվ հացթուխը նույնիսկ՝ անանուն մոռացկոտ,

Զզվանքով իր մի աչքը թարթեց:

 

Զայրացավ այդ պահին Ազդարարը սաստիկ.

«Տղամարդ ես,— ասաց,— ամաչիր,

Նենգ Ջաբջաբը ինչո՞ւ արցունքներդ տեսնի,

Եվ ինչո՞ւ մեզ վախկոտ ճանաչի»:


Դրվագ հինգերորդ

ԴԱՍԸ

 

Եվ փոքրիկ մատնոցով փորձեցին Սնարք որսալ,

Նիզակով ու հույսով հարվածել,

Եվ արժեթղթերով փորձեցին սպառնալ,

Ժպիտով, օճառով հալածել:

 

Մսագործը մի նուրբ որոգայթ մշակեց,

Ոչ շատ բարդ, բայց անչափ խելացի,

Ամայի ու հարմար մի հովիտ նա ընտրեց,

Ու կպավ եռանդով այդ գործին:

 

Բայց Կուղբին էլ հանկարծ նույն այդ միտքը պատեց

Ու հովիտը շտապեց կուղբն այդ նույն,

Եվ անչափ զայրացավ, երբ հանկարծ նկատեց

Իր երդվյալ ոխերիմ թշնամուն:

 

Բայց նրանց մեծ որսի թեժ մոլուցքն էր պատել

Եվ դարձրել աննկուն ու շատ քաջ.

Ձևացրին, թե իրար նույնիսկ չեն նկատել՝

Նետվեցին կույր բախտին ընդառաջ:

 

Ծածկեցին մութ ամպերը երկինքը համայն,

Դադարեց արեգակը փայլել,

Եվ ճամփան էլ այնքան նեղացավ, որ միայն

Ուս֊ուսի կարելի էր քայլել:

 

Նույն պահին էլ լսվեց մի ոռնոց չարագուժ:

Սփրթնեց իսկույն Կուղբը վախից...

Մսագործն էլ զգաց մեծ վտանգն ու անուժ

Քարացավ ահավոր սարսափից:

 

Ձայնը այդ ճղճղան քաջ ծանոթ էր նրան,

Եվ գուցե իր կամքից էլ անկախ

Նա հիշեց կարոտով մանկությունն ապահով,

Հին օրերը անհոգ ու խաղաղ:

 

«Ջաբջաբի ձայնն էր դա,— վախը երբ քիչ անցավ

հաստատեց Մսագործը հանդարտ.—

Ես ասեմ՝ դու հաշվիր»,— Կուղբի կողմը դարձավ,

Որ կանգնած էր անշարժ ու անթարթ:

 

«Ջաբջաբի կանչն էր դա, իմ խոսքին հավատա,

Հավատա մազերիս ճերմակած,—

Մի պահ խոսքը կտրեց, հետո մեկ էլ կրկնեց.—

Ջաբջաբի ճիչն էր դա անկասկած»:

 

Կուղբը լուռ, մտազբաղ իր հաշիվն էր անում,

Դա կարծես հաջողվում էր շատ հեշտ,

Բայց երրորդ անգամ երբ լսեց միտքն այդ նույն

Մոռացավ թիվն այդքան անհրաժեշտ:

 

Հասկացավ, որ իզուր էր այդպես չարչարվել,

Կորցրել էր հաշիվը, ավաղ,

Ելք չկար էլ, մնում էր ուղեղը շարժել

Եվ փորձել վերհիշել անհապաղ:

 

«Դե կարող ենք անշուշտ մատների օգնությամբ

Երկուսին մի կերպ մեկ գումարել»,—

Ասաց Կուղբը տխուր և հիշեց դառնությամբ

Որ լավ չէր դպրոցում սովորել:

 

«Կարելի է անել,— հաստատեց Մսագործը,—

Կարելի է անել շատ արագ,

Կարելի է անել, ունեմ դրա փորձը,

Միայն թուղթ բեր արագ ու թանաք»:

 

Բերեց Կուղբը քանոն, սև թանաք ու սրիչ,

Գրիչներ բերեց, թուղթ անհամար...

Գարշելի սողուններ դուրս եկան բներից

Ու նրանց նայեցին ապշահար:

 

Մսագործը զինված կրկնակի թուղթ֊գրչով

Գրոտում էր երկար ու համառ,

Իսկ հետո բացատրեց, մատչելի, պարզ ոճով,

Որ նույնիսկ Կուղբը դա հասկանար։

 

«Նախ՝ որպես նախահիմք պիտ վերցնենք մենք երեք,

Թիվը այդ մեծացնենք տասնյոթով,

Պատասխանը ստացած բազմապատկենք

Փակագիծ՝ հազար մինուս ութով:

 

Ինը հարյուր իննսուն երկուսի՝ հետո մենք

Այս արդյունքն ստացած բաժանենք,

Հանենք տասը և յոթ, և խնդրեմ համոզվեք,

Որ կրկին ստանում ենք երեք:

 

Ես կարող եմ անշուշտ իմ մեթոդը բացել,

Թե պատրաստ ես դու ինձ լսելու...

Բայց օդի պես հիմա րոպեն թանկ է դարձել,

Իսկ այնքան բան ունեմ ասելու:

 

Հենց այսօր ինձ համար պարզ դարձավ ամեն բան,

Բայց ուզում եմ դու էլ հասկանաս,

Եվ առանց վճարի ես հիմա քեզ կտամ

Բնագիտության մի կարճ դաս»։

 

Եվ հաշվի չառնելով, որ կարող է ոմանց

Դա այնքան էլ պատեհ չթվալ,

Քարոզները սկսեց՝ հնաոճ, ծամծմած,

Ջանալով խելացի երևալ.

 

«Այդ Ջաբջաբը (կրքոտ, գարշելի մի թռչուն)

Չի սիրում երբեք շատ մտածել,

Իսկ անցուդարձով՝ անճաշակ ու ճչուն

Մոդայից էլ առաջ է անցել:

 

Բայց ընկեր է ազնիվ, նվիրված, խելացի,

Անկաշառ է եղել ողջ կյանքում,

Բարեգործ է հայտնի՝ մեծ վարպետն իր գործի

Եվ միշտ ինքն է գումար հավաքում:

 

Ոստրեից ու ձվից դուրեկան է թվում,

Նուրբ բուրմունքը եփած Ջաբջաբի:

Փղոսկրե սափորում լավ է այն պահպանվում

Նույնիսկ շոգ ամառվա այս տապին:

 

Պետք է աղ, սղոցուկ, սոսնձով լավ խառնել

Եռացնել կաթսայում մի փոքրիկ

Ու նոր միսը եփել, բայց հանկարծ չխախտել

Ուրվագիծը նրա սիմետրիկ»:

 

Մսագործը կարող էր բերել նոր փաստեր,

Բայց քանի որ շատ ուշ էր, միայն

Հեծկլտաց՝ ցանկալով խեղճ Կուղբին հավաստել,

Որ ընկեր են դարձել հավիտյան:

 

Անձնակազմն ուղղակի զարմանքից կարկամեց,

Ձեռք֊ձեռքի երբ տեսավ երկուսին.

«Այո, շատ տանջվեցինք, բայց սա տեղը հանեց»,—

Ազդարարը ասաց մեկուսի:

 

Մսագործը և Կուղբը օրից այդ դաժան

Դարձան ջերմ, մտերիմ ընկերներ:

Եվ նրանց անհնար էր տեսնել է՛լ բաժան,

Շոգ ամառ լիներ, թե ցուրտ ձմեռ:

 

Իսկ եթե սև կատու էր նրանց մեջ անցնում,

Ջաբջաբի ճիչը այն ահավոր

Միշտ հնչում էր որպես մի ահեղ զգուշացում

Եվ հարթում էր վեճերը բոլոր:


Դրվագ վեցերորդ

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԵՐԱԶԸ

 

Եվ փոքրիկ մատնոցով փորձեցին Սնարք որսալ,

Նիզակով ու հույսով հարվածել,

Եվ արժեթղթերով փորձեցին սպառնալ,

Ժպիտով, օճառով հալածել:

 

Փաստաբանը Կուղբի վրա շատ փնթփնթաց,

Բայց հետո ձանձրացրեց դա նրան,

Եվ փակեց ակամա նա աչքերն իր հոգնած

Ու տեսավ երազում դատարան:

 

Նաև Սնարքն էր այնտեղ՝ սև թիկնոցը ուսին,

Աչքերին գորշ ակնոց մի շքեղ.

Սնարքը հանձն էր առել պաշտպանել մի խոզի,

Որն իր խոզանոցն էր լքել:

 

Դատավորը հմուտ օրակարգը կարդաց,

Իսկ հետո վկաներն ասացին,

Որ հիշյալ խոզանոցը վաղուց էր լքված,

Երբ իրենք դեպքի վայր գնացին:

 

Մեղադրող դատախազը ելույթ չունեցավ,

Մնում էր Սնարքին ձայն խնդրել.

Նա երեք ժամ ճառեց, բայց ոչ ոք չիմացավ,

Թե այդ ինչ էր ջանում նա պնդել:

 

Բայց առանց փաստերի էլ ժյուրին այդ մասին

Իր կարծիքն էր կազմել ավարտուն:

Եվ նրանք համոզված պնդեցին միասին՝

«Պետք է նիստն ավարտել՝ գնալ տուն»:

 

«Ես կարծում եմ,— ասաց դատավորը,— գիտեք...»:

Սնարքը էլ չթողեց, որ խոսի.

«Պետք է նախ որոշենք, թե արդյոք ինչպես մենք

Որակենք արարքները խոզի:

 

Դավաճան չէ, անշուշտ, պաշտպանյալն իմ արի,

Մասնակից է սոսկ, ոչ հանցակից,

Եվ սնանկ էլ նրան ոչ ոք չի համարի,

պարտք չի վերցրել նա ոչ մեկից:

 

Լքելու փաստը չեմ փորձի վիճարկել,

Բայց կասեմ ձեզ հաստատ ու վստահ,

Անհեթեթ մեղադրանքը ժխտվում է ինքնին,

Ալիբի ունի խոզը հստակ:

 

Սպասենք ժյուրիի որոշմանը արդար»:—

Սա եղավ վերջին խոսքը Սնարքի.

Եվ ցուցում տվեց, որ դատավորը ճարտար

Ինչպես կարգն է նիստը փակի:

 

«Ես նման փորձ չունեմ»,— դատավորն առարկեց:

Ստիպված եղավ Սնարքը խոսել:

Այնպիսի ցուցմունքներ նա գործից մեջբերեց,

Որ և ոչ մի վկա չէր ասել:

 

Բայց ժյուրին էլ չուզեց որոշումը կարդալ՝

Ով կարդա՝ ծիծաղից կմեռնի:

Իսկ հետո որոշեց՝ թող պաշտպանը արդար

Այդ դժվար ու բարդ գործն էլ վերցնի:

 

Որոշումը իսկույն Սնարքին տվեցին.

«Մեղավոր է»,— նա բարձր կարդաց.

Ժյուրիի անդամները, երբ դա լսեցին,

Ծիծաղից ուշաթափ ընկան ցած:

 

Դատավորը հուզված էր, ուստի պատվիրեց,

Որ վճիռն էլ պաշտպանը ասեր,

Այնպիսի լռություն դահլիճում այդ տիրեց,

Որ տզզոցը ճանճի կլսվեր:

 

«Մեր վճիռն է՝ ցմահ տաժանակրություն,

Իսկ հետո էլ՝ տուգանք, տասը ֆունտ»:

«Ես վճռի մեջ տեսնում եմ փոքրիկ թերություն»,—

Առարկեց դատավորը հմուտ:

 

Ընդհատեց բանտապահը ելույթը նրա.

Ակնհայտ էր, որ նա շատ հուզված էր,

«Չեմ կարծում, թե վճիռը իմաստ ունենա,

Չորս տարի է, խեղճ խոզը մեռած է:

 

Դուրս ելավ դատավորը՝ զզված ու մռայլ,

Նույնիսկ Սնարքն էր կարծես թե հուզվում,

Հեռացավ դահլիճից, բայց երկար դեռ նրա

Կոշիկի թխկթխկոցն էր լսվում:

 

Փաստաբանը ննջում էր այդպես իր համար,

Ընդհատվեց երբ երազը հանկարծ,

Եվ նրա ականջի մոտ ուժեղ ու համառ

Նավի զանգը ծանոթ զնգզնգաց:

                     


Դրվագ յոթերորդ

ԲԱՆԿԻՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

 

Եվ փոքրիկ մատնոցով փորձեցին Սնարք որսալ,

Նիզակով ու հույսով հարվածել,

Եվ արժեթղթերով փորձեցին սպառնալ,

Ժպիտով, օճառով հալածել:

 

Քաջության անսովոր զգացումով համակված

Ծեր բանկիրը նետվեց պայքարի

Ու առաջ սլացավ՝ իր բախտին ընդառաջ

Մեծ որսի մոլուցքին գերի

 

Նոր էր նա հեռացել, երբ առաջը կտրեց

Մի հսկա կատաղի Բենդերսնեթչ:

Հասկացավ խեղճ բանկիրը, թե ինչ կատարվեց.

Հուսահատ սարսափով նա ճչաց:

 

Յոթ ֆունտ տասն շիլլինգի ստորագրած, վավեր չեկ

Նա մեկնեց շտապ իրեն տանջողին.

Բայց թեքեց Բենդերսնեթչը գլուխը իր շեկ

Եվ ճանկեց անխոհեմ իր զոհին:

 

Մինչ վայրկյանը վերջին խեղճ բանկիրը փորձեց

Ազատվել ծնոտից մոլացած[3],

Թփրտաց ու խփվեց, թռչկոտեց, ցատկոտեց,

Բայց ավաղ ուշաթափ ընկավ ցած:

 

Բենդերսնեթչը թռավ, խումբը երբ մոտեցավ,

Ազդարարը սաստիկ մռայլվեց.

«Գիտեի՝ նման բան կլինի, այ քեզ ցավ»,

Եվ զանգակը տխուր զնգացրեց:

 

Դեմքը խեղճ բանկիրի սևացել էր ցավից,

Անհնար էր նրան ճանաչել.

Եվ այդ հինգ րոպեի ահավոր սարսափից

Վերարկուն էր նույնիսկ կանաչել:

 

Բոլորի սարսափած հայացքի տակ հանկարծ

Ձիգ կանգնեց նա՝ կոստյումը հագին,

Ծռմռվեց, փորձելով բացատրել պարզ նրանց,

Որ խոսել չի կարող էլ կարգին:

 

Ուժասպառ վայր ընկավ աթոռին և անմիտ

Ինչ֊որ բան նվնվաց թշաստատ[4]:

Եվ բոլոր ներկաները եղան համամիտ,

Որ նա խելքը թռցրել է հաստատ:

 

«Ես կարծում եմ՝ մենք պետք է թողնենք, հեռանանք,—

Վճռեց Ազդարարը արագ,—

Օրվա կեսը կորավ, թե էլի ուշանանք,

Կմթնի ու էլ չենք գտնի Սնարք:


Դրվագ ութերորդ

ԱՆՀԵՏԱՑՈՒՄ

 

Եվ փոքրիկ մատնոցով փորձեցին Սնարք որսալ,

Նիզակով ու հույսով հարվածել,

Եվ արժեթղթերով փորձեցին սպառնալ,

Ժպիտով, օճառով հալածել:

 

Բայց հանկարծ սարսափով հասկացան, որ անցավ

Մեծ որսի հարմար պահը կրկին:

Հետևի թաթերին Կուղբն արագ բարձրացավ

Ու նետվեց ընդառաջ տարերքին:

 

Բայց նրան կանգնեցրեց ինչ֊որ ձայն շատ հնչուն.

«Հեյ, բոլորդ այս կողմ, շուտ, արագ»:

«Քաջ «Անունը ինչ էր»֊ն է իր մոտ մեզ կանչում,

Համոզված եմ, գտել է նա Սնարք»:

 

«Այսպիսի քաջասիրտ տղամարդ էլ չկա»,—

Մսագործը ասաց մեկուսի,

Երբ տեսավ մեծ ժայռի կատարին մոտակա

Հացթուխին՝ անանուն հերոսին:

 

Ձիգ, հպարտ նա կանգնել ու ժպտում էր բարի,

Բայց կարծես ինչ֊որ բան պատահեց,

Ցած նետվեց ջղաձիգ նա ժայռի կատարից

Եվ անդունդը խորունկ ընկղմվեց:

 

«Սնարք»,— լսվեց հացթուխի աղաղակը ուրախ:

(Որսորդները կանգնած էին լուռ):

Իսկ դրան հետևեց ծաղրական մի ծիծաղ

Եվ երկու դաժան բառ՝ «Սնարքը Բու...»:

 

Քամին տեղ հասցրեց մի քանի խուլ հնչյուն,

Մեղվի ձա՞յն, թե՞ մի վանկ անավարտ:

Համոզում են ոմանք, թե շատ պարզ լսվեց՝ ջում,

Իսկ ոմանք թե՝ պատրանք էր հաստատ:

 

Մինչև ուշ երեկո շրջեցին սար ու գետ,

Ժայռ ու ձոր, դաշտ, անտառ ու այգի:

Գեթ կոճակ չգտան, ոչ փետուր կամ մի հետք

Փառապանծ հացթուխի և Սնարքի:

 

Որտեղից իմանար Անանունը կտրիճ,

Երբ ուրախ ծիծաղում ու գոչում էր,

Որ հանկարծ ու հանդարտ կչքվի աշխարհից,

Քանի որ Սնարքը Բուջում էր:

 

թարգմանիչներ Ալեքսանդր և Արտակ Քալանթարյան

խմբագիր Մարատ Յավրումյան

1989֊2015


[1] Խռպոտ ձայնով, կոպիտ

[2] Հպարտ թռչկոտեց

[3] Մոլեգին և զայրացած

[4] Թշվառ և անհաստատ